Ստամբուլի կենտրոնում գտնվող «Գեզի» այգու իրադարձությունների ժամանակ կազմավորված «Թաքսիմի համերաշխություն» պլատֆորմը հայտարարել է, թե ոստիկանների կողմից բռնությունների պատճառով իրենք որոշել են մեծ ակցիա իրականացնել հունիսի 11-ի երեկոյան։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Թաքսիմի համերաշխություն» պլատֆորմի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե «Գեզի» այգու դիմակայության 14-րդ օրը ոստիկանությունը կրկին եկել է զրահամեքենաներով եւ միջամտել արցունքաբեր գազով։

Հայտարարության մեջ բոլորին կոչ է արվել հունիսի 11-ին, երեկոյան 19։00-ին հավաքվել Թաքսիմի հրապարակում՝ տեր կանգնելու իրենց իրավունքներին եւ պահանջներին։

Նշենք, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարեւանությամբ գտնվող «Գեզի» այգու տարածքում 1551-ից մինչեւ 1939-ը եղել է հայկական գերեզմանատուն, որի վրա կառուցվել է հյուրանոց եւ այգի։

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների: