Ադրբեջանական հակահայկական քարոզչական մեխանիզմը նոր ձեւաչափով է սկսում աշխատել: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Նա անդրադարձել է տեղեկատվությանը, թե Ադրբեջանը հայցով դիմել է միջազգային դատարան՝ այսպես կոչված ադրբեջանական օկուպացված տարածքների դիմաց հայկական կողմից փոխհատուցում ստանալու համար:
Տեղեկատվությունն առաջին անգամ տարածել էր Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովի նախագահը:
«Սա լուրջ ազդակ պետք է հանդիսանա բոլորիս համար, քանի որ ադրբեջանական հակահայկական քարոզչական մեխանիզմը նոր ձեւաչափով է սկսում աշխատել: Տվյալ գործընթացը ղեկավարվում է անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից, իսկ Հայաստանից ակնկալվող բռնագանձվող գումարը, ըստ նախնական հաշվարկների, կազմում է շուրջ 300 միլիարդ ԱՄՆ դոլար»,-նշել է նա :
«Այս համատեքստում միաժամանակ արվեց ադրբեջանական քաղաքականությանը բնորոշ քայլ, երբ նավթային ընկերության նախագահը հայտարարեց, թե պատրաստ են գազ մատակարարել Հայաստանին, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ադրբեջանական կողմին:
Հաշվի առնելով նման կեղտոտ, բայց լավ հաշվարկված դիվանագիտական քայլերը` արդյոք մեր երկրի արտաքին գերատեսչությունն ադեկվատ քայլեր է ձեռնարկում կասեցնելու եւ միջազգային հարթակում պատասխան տալու ադրբեջանական գործընթացին, թե՞ ինչպես Ռամիլ Սաֆարովի դեպքում եղավ, երբ հայկական կողմն իմացավ արտահանձնման մասին միայն այն ժամանակ, երբ Սաֆարովն արդեն Բաքվում էր:
Ինչու՞ են խցանված դիվանագիտական խողովակներն ու ովքե՞ր են մեղավոր դրա համար:
Հարցեր, որոնք առաջնային նշանակություն ունեն մեր երկրի միջազգային մարտահրավերներին արժանի հակահարված տալու եւ դիվանագիտական գրագետ քաղաքականություն վարելու համար»,-հայտարարել է պատգամավորը:




























