Շիրակի մարզի մի քանի գյուղերի  բնակիչներ այսօր՝ հունիսի 11-ին, փակել են կաթ մթերող մեքենաների ճանապարհը, քանի որ մթերման գինը 10 դրամով անկում է ապրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին բնակիչները եւ ասացին, որ այդ գնով կաթը չեն հանձնի:

«Մեզանից գնվող կաթի գինն էժանացնում են, իսկ իրենց արտադրած ապրանքի գինը բարձրանում»,- դժգոհեցին բնակիչները:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ասաց, որ ոչ թե ճանապարհն են փակել, այլ մթերող կաթի մեքենաների ճանապարհը, քանի որ բողոքի ակցիայի պատճառը կաթի մթերման գնի իջեցումն է: Ավելին` նա ասաց, որ այս եղանակներին միշտ էլ անկում է լինում, քանի որ երբ անասուններն արդեն արոտավայր են դուրս գալիս, կաթը շատանում է, գները անկում են ապրում: Մանուկյանն օրինակ բերեց նաեւ կարտոֆիլը, երբ կարտոֆիլի բերքը շատանում է,  գներն ընկնում են, սակայն այդպես էլ չկարողացավ պատասխանել, թե ինչու է կաթի գինն անկում ապրում, իսկ սպառվող կաթնամթերքի գները՝ բարձրանում: