Ռուսաստանի պետդուման, այսօր՝ հունիսի 11-ին, երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է երեխաների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար վարչական պատասխանատվության մասին օրենքը, ըստ որի, նման արարքը պատժվում է մինչեւ մեկ մլն ռուբլի տուգանքով:

Երեխաների շրջանում նման քարոզչության համար նախատեսված է տուգանք՝ 4-5 հազար ռուբլու չափով: Միաժամանակ, պաշտոնյաների համար տուգանքը կազմում է 40-50 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 800 հազարից մեկ մլն ռուբլի:

Առավել խիստ կպատժեն նրանց, որոնք ոչ ավանդական սերը կքարոզեն համացանցում կամ լրատվամիջոցներում: Նման դեպքում քաղաքացիները պետք է վճարեն 50-100 հազար ռուբլի, պաշտոնյաները՝ 100-200 հազար ռուբլի, իրավաբանական անձինք՝ մեկ մլն ռուբլի, հաղորդում է Utro.ru-ն:

ՌԴ խորհրդարանի ստորին պալատն այսօր եւս մեկ սկանդալային օրենք է ընդունել՝ հավատացյալների զգացմունքները հրապարակային վիրավորելու համար հնարավոր է երեք տարվա ազատազրկման դատապարտվել:

Նախատեսված են նաեւ տուգանքներ (մինչեւ 500 հազար ռուբլի) ու հարկադիր աշխատանքներ: