Հունիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի, ինչպես նաեւ առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
Աշխատանքային քննարկման կարգով հրավիրված եւ այլ մշտական հանձնաժողովների անդամների մասնակցությամբ կայացած նիստի միակ օրակարգային հարցը վերաբերում էր «Կուտակային կենսաթոշակների մասինե օրենքի նախագծին եւ այն ուղեկցող օրինագծերին, որոնք խորհրդարանական շրջանառության մեջ են գտնվում օրենսդրական փաթեթի տեսքով։
Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ, որպես հրավիրյալներ, ֆինանսների եւ էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, հարկային պետական ծառայության պատասխանատուներ։
Նիստի աշխատանքը վարում էին հարցի առնչությամբ գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը եւ Արամ Գրիգորյանը։
Օրվա բանախոսը ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գրիգոր Մարտիրոսյանն էր։ Կարեւորելով 2014թ. հունվարից ԼՂՀ-ում կուտակային կենսաթոշակների համակարգի անցման անհրաժեշտությունը, փոխնախարարն առանցքային շեշտադրումների տեսքով եւ համապատասխան հիմնավորումներով ներկայացրեց բնակչության կենսաթոշակային ապահովման ասպարեզում առաջարկվող բարեփոխումները եւ դրանց հեռանկարային առավելությունները ներկայումս գործող համակարգի համեմատ։
Այնուհետեւ, պատասխանելով պատգամավորների բազմաթիվ հարցերին, բանախոսը հանդես եկավ լրացուցիչ պարզաբանումներով։
Առաջարկվեց առաջիկայում շարունակել հարցի աշխատանքային քննարկումները, ներառյալ նաեւ խորհրդարանական լսումների տեսքով։




























