Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն ստանձնել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Սահակյանը:

Նա նշեց, որ տեսել է Տիգրան Խաչատրյանին: «Ոչ մի մեկնաբանություն չեմ տա գործով: Ես մեկնաբանություններ կտամ, երբ նպատակահարմար կգտնեմ: Եթե նկատել եք, ես իմ գործերով երբեք ելույթներ չեմ ունենում, եթե չեմ տեսնում, որ ակնհայտ, կոպիտ խախտումներ են  կատարվում»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե կարելի է եզրակացնել, որ մինչ այս պահը իրավապահների գործողությունները նորմալ եք գնահատում, նա նշեց, որ «հաշվի առնելով հասարակական արձագանքը, որ կա որոշակի ձեւավորված մթնոլորտ, առայժմ ձեռնպահ կմնամ մեկնաբանություններ տալուց»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

Տիգրան Խաչատրյանի փաստաբաններից Կարմեն Սահակյանն էլ չցանկացավ պատասխանել մեր հարցերին` բողոքելով, որ լրատվամիջոցները այնպիսի հարցեր են տալիս, որ ինքը հնարավորություն չունի պատասխանել, դրանք վաղաժամ են եւ տրամաբանական չէ:

Նա նշեց, որ կալանքի որոշումից հետո չի տեսել Տիգրան Խաչատրյանին, քանի որ տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: «Բնականաբար, իրեն չեմ տեսել»,- ասաց նա:

Փաստաբանը տեղեկացրեց, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշումը չեն բողոքարկել, սակայն չպատաճառաբանեց, թե ինչու եւ անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:

Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: