Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հրապարակավ մենկաբանել է իր ապահարզանը: Մասնավորապես, նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ պաշտոնապես ամուսնալուծվելու որոշումը կայացրել են իր դեռեւս ներկա կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի հետ միասին:

Բացի այդ, ՌԴ նախագահը հիշեցրել է, որ իրենց ամուսնությունը եկեղեցով չի եղել: «Մենք երբեք չենք պսակվել»,-հայտարարել է Պուտինը Russia Today-ի եթերում: Ինչ վերաբերում է ամուսնալուծության մասին պաշտոնական հայտարարությանը, նախագահն ասել է, որ եւ ինքը, եւ իր կինը համարել են, որ ավելի լավ է ճիշտն ասել, քան թաքցնել ինչ-որ բան:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը եւ Լյուդմիլա Պուտինան ամուսնալուծության մասին հայտնել էին հունիսի 6-ի երեկոյան: Նախկին ամուսիններն իրենց որոշման մասին պատմել էին Կրեմլի Մեծ պալատում «Էսմերալդա» ներկայացումից հետո: Դա վերջին տարվա ընթացքում նախագահական զույգի առաջին հրապարակային ներկայությունն էր հանրության առաջ:  «Դա մեր ընդհանուր որոշումն է, մեր ամուսնությունն ավարտվել է», - ասել էր Ռուսաստանի նախագահը՝ նշելով, որ դա «քաղաքակիրթ ամուսնալուծություն է»:

Պուտինն ամուսնացել էր 1983թ. հուլիսի 28-ին: Լյուդմիլա Պուտինան մասնագիտությամբ բանասեր է: Նրանք ունեն երկու դուստր՝ 28-ամյա Մարիան եւ 27-ամյա Եկատերինան, հաղորդում է  «rbc»-ն: