Հունիսի 11-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Մյասնիկյան գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ Դալարիկ գյուղի աղբանոցում ինգնաձիգ է գտել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 1975 թ-ի արտադրության «ՍՎԴ» տիպի հրացան` առանց օպտիկական սարքի եւ պահունակի:

Նույն օրը, ժամը 14.55-ին, նշված աղբանոցում ստուգումներ կատարելիս ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նաեւ 1974 թ. արտադրության «ՊԿ» տիպի գնդացիր` առանց պահունակի:

Նույն օրը երեկոյան, ժամը 19.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով Սարդարապատ գյուղի դաշտից բերման են ենթարկել 53-ամյա Քաջիկ Ս.-ին, որի մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, առանց համապատասխան թույլտվության որսորդական հրացան:

Նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանության ծառայողները նույն գյուղի դաշտից բերման են ենթարկել 32-ամյա Ժորա Ս.-ին, որի մոտից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, առանց համապատասխան թույլտվության որսորդական հրացան:

Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: