Դեռեւս հստակ որոշում չկա՝ Մոսկվայում սպանված հայ խոշոր գործարար Հովիկ Մուրադյանին կհուղարկավորեն Հայաստանում, թե՝ ոչ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քրոջ որդին՝ Արտաշես Մխիթարյանը, ով Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի գյուղապետն է:
Նրա խոսքով, այդ հարցում հստակեցում կմտցվի այսօր՝ օրվա վերջում: Նա նաեւ նշեց, թե դեռ տեղեկություններ չկան սպանության պատվիրատուների եւ կատարողների վերաբերյալ, քննություն է ընթանում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մոսկվայի կենտրոնում հունիսի 11-ի երեկոյան անհայտ անձը դանակի մահացու հարվածներ է հասցրել գործարարին, ով Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է: Սպանությունը տեղի էր ունեցել Lotte Plaza հյուրանոցի մոտ` Մոսկվայի կենտրոնում: Դիմակավորված տղամարդը հարձակվել է մոտ 50 տարեկան անձի վրա եւ դանակի հարվածներ է հասցրել: Դրանից հետո հանցագործը մեքենայով թաքնվել էր դեպքի վայրից:
Հովիկ Մուրադյանը հյուրանոցում հանդիպման էր եկել: Երբ Մուրադյանը դուրս էր եկել մեքենայից, նրան խակի գույնի հագուստով տղամարդ էր մոտեցել: Հասնելով գործարարին` հանցագործը դանակի երկու հարված էր հասցրել: Հովիկ Մուրադյանը 90-ականների սկզբին եղբոր հետ հիմնադրել էր «ԲԱՄՕ» շինարարական ընկերությունը:




























