Թուրքիայում ներքաղաքական իրադարձությունները կազդեն տարածաշրջանում այդ երկրի դիրքի, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով՝ ներկայումս ժամանակավրեպ է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, քանի որ ինտրիգը դեռ ավարտված չէ: «Քիչ թե շատ պարզ է մեկ բան՝ Էրդողանի դիրքերը թուլացել են: Քաղաքական գործիչների կոշտ եւ խիստ վարքը վկայում է նրանց թուլության մասին: Ուժեղ քաղաքական գործիչները կարողանում են կարգավորել իրավիճակը՝ չհասցնելով այն այնպիսի վիճակի, ինչպիսին հիմա կատարվում է Թաքսիմի հրապարակում»,-ասաց քաղաքագետը:
Իսկանդարյանը կանխատեսում է, որ Էրդողանին երկրորդ Աթաթուրքի վերածելու պլանները, մեղմ ասած, կիրականացվեն ոչ այնպես, ինչպես կցանկանար Էրդողանը: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, թուրք ժողովուրդը հոգնել է ներկա իշխանություններից եւ այն, ինչ հիմա կատարվում է այդ երկրում, լուրջ դժգողության արդյունք է:
«Թուրքիայի հայտարարությունները՝ «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության մասին իրականում վերածվել է «զրո հարեւան առանց խնդիրների» քաղաքականության: Թուրքիայի իշխանությունները կորցրել են կապն իրականության հետ»,-նշեց քաղաքագետը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























