87 կողմ, 5 դեմ եւ 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ հունիսի 12-ին 1-ին ընթերցմամբ ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծին:
Քվեարկությունից առաջ Հայ ազգային կոնգրեսի խմբացկության անունից Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մինչ երկրորդ ընթերցում՝ օրինագիծը պետք է լրջորեն վերամշակվի: Մասնավորապես՝ միջազգային բակալավրիատի դիպլոմները պետք է տեղայնացվեն Հայաստանի համար:
ՀՅԴ անունից այդ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ պետք է հաշվի առնել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության առաջարկները:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս նշեց, որ պետք է հաշվի առնել այդ նախաձեռնության առաջարկները, քանի որ դրանք բխում են այդ դպրոցում սովորող հայաստանցի աշակերտների շահերից:
Նշենք, որ քվեարկությամբ դեմ քվեարկեցին Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»), Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Գուրգեն Արսենյանը (ԲՀԿ): ՀԱԿ, ՀՅԴ խմբակցությունները եւ ԲՀԿ-ից 7 պատգամավորներ ձեռնպահ քվեարկեցին:
Հիշեցնենք, որ նման դպրոցի ստեղծմանը դեմ է հանդես գալիս «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների ստեղծմանը» նախաձեռնությունը, որի անդամները նշում են, որ հայ երեխան իր հայրենիքում պետք է բացառապես հայկական կրթություն ստանա, միաժամանակ հիմնավորապես սովորելով երկու եւ ավելի օտար լեզուներ:




























