Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ի՞նչ գործ ունի Նավասարդ Կճոյանը ադամանդագործությունը զարգացնելու կառավարության ծրագրերի ու քննարկումների հետ: Սա հատված է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ Ազգային Ժողովում ունեցած ելույթից՝ ՀՀ 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկումների շրջանակներում:
Իր ելույթում Ն. Փաշինյանը մեծ տեղ հատկացրեց, այսպես կոչված, օֆշորային սկանդալին՝ մամուլում հայտնված այն տեղեկություններին, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ գործարար Աշոտ Սուքիասյանը Կիպրոսի օֆշորայի գոտում ընկերություն են հիմնել, որի հաշվին փոխանցվել են գումարներ «Ամերիաբանկի» վարկային գծով:
Ըստ Ն. Փաշինյանի՝ Նավասարդ Կճոյանն այս պատմության առանցքային դեմքերից է, իսկ անհայտ գործարար Աշոտ Սուքիասյանը կառավարության անդամների վրա տպավորություն էր թողել այն փաստով, որ արքեպիսկոպոսին «Բենթլի» էր նվիրել:
Ն. Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ Կիպրոսում փոշիացված 10 մլն դոլարը կապ ունի Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի հետ, ու խոստացավ առաջիկայում այդ մասին մանրամասներ հաղորդել:




























