Ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ էլ հենց կոնկրետ հակամարտության շուրջ, որպես այդպիսին, լուրջ բանակցություններ տեղի չեն ունենում. կա միայն մեկ կարեւոր հանգամանք. պահպանվում եւ ամրապնդվում է ստատուս քվոն: Այս մասին, այսօր՝ հունիսի12-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով` ղարաբաղյան հարցին վերաբերող բանակցությունների իմիտացիան կշարունակվի, եւ կողմերը կփորձեն այս կամ այն կերպով ստատուս քվոն առավել շահավետ դարձնել իրենց համար: «Ադրբեջանը փորձում է օգտագործել սպառնալիքների եւ Հայաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու ռազմավարությունը: Հայկական կողմը փորձում է ամրապնդել այն իրողությունները, որոնք առաջ են եկել 1994թ ռազմական գործողություններից հետո` ջանալով ցույց տալ, որ ԼՂՀ-ի զարգացումն ընթանում է բնականոն հունով», - նշել է քաղաքագետը:
Ս. Մինասյանը նշել է, որ աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կոբալյեի այցելությունը ԼՂՀ ունեցել է գրեթե նույն հնչեղությունը, ինչ ռուսական ժամանակակից սպառազինությունների տեղակայումը Հայաստանում կամ Ադրբեջանի` զինամթերքի հարցում մրցակցությունը շարունակելու միջոցով Երեւանի կամ միջազգային հանրության վրա ազդելու փորձերը: «Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ մի էական տեղաշարժ դեռեւս չկա»,- եզրակացրել է փորձագետը:




























