Հունիսի 1-15-ին լեհական «Ariari» հիմնադրամը Հայաստանի երիտասարդական հիմնադրամում անցկացրել է դասընթաց-պարապմունքներ տեսողական խանգարումներ ունեցող անձանց եւ նրանց հետ աշխատանքներ տանող մասնագետների համար։

Ծրագրի նպատակն է ցուցաբերել համապատասխան օգնություն տեսողական խանգարում ունեցող անձանց։ Լեհաստանից ժամանած հատուկ մասնագետներն իրենց հայ գործընկերներին սովորեցնում են տեսողության խանգարումներ ունեցող անձանց համար նախատեսված տարածական կողմնորոշման տեխնիկան, որը զարգացած երկրներում տարածված է վաղուց, Հայաստանում, սակայն, այն ներդրվել է 2011թ. նոյեմբերից։ Նշված տեխնիկան նախատեսում է տեսողական խանգարում ունեցող անձանց կողմնորոշում արտաքին միջավայրում սպիտակ ձեռնափայտի կիրառմամբ։

Տեսողական խանգարում ունեցող անձանց տարածական կողմնորոշման հմտությունների ձեւավորման եւ զարգացման համար Լեհաստանի կույրերի միության եւ «Ariari» հիմնադրամի  կողմից Հայաստանում անցկացվել են մի շարք վերապատրաստման ծրագրեր, ինչի արդյունքում մեր երկրում տեսողության խանգարում ունեցող շուրջ 160 անձինք գործնականում սկսեցին կիրառել սպիտակ ձեռնափայտի օգնությամբ կողմնորոշվելու մեթոդիկան։

Նշենք, որ 2010թ. տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է 12010 տեսողության խանգարումներ ունեցող անձ, որոնցից քչերն են վարում ինքնուրույն կյանք, մասնակցում հասարակական-մշակութային կյանքին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում Լեհաստանից ժամանած փորձառու մասնագետների կողմից անցկացված պարապմունքների ընթացքում վերապատրաստվել են 20 տիֆլո-ինստրուկտորներ, ցուցադրվել են ուսումնամեթոդական նյութեր, սովորել են նաեւ աուդիոգրքերի պատրաստման մեթոդիկան։