Ստամբուլի կենտրոնում գտնվող «Գեզի» այգու պահպանության համար դիմակայության դուրս եկած քաղաքացիներին ջարդող ոստիկանի եւ Թաքսիմի հրապարակում գտնվող Աթաթուրքի հուշարձանի «երկխոսության» մասին է գրել թուրքական Sozcu պարբերականը։

Աթաթուրք. Որդիս, արի քեզ մի երկու բան ասեմ։

Ոստիկան. Լսում եմ, փաշա։

Աթաթուրք. Ինչ-որ դուք հիմա անում եք ժողովրդի գլխին, ժամանակին նույնիսկ հույները չէին անում։

Ոստիկան. Բայց սրանք թալանչի են, հայրենիքի դավաճան։

Աթաթուրք. Նույն բաներն իմ մասին ասում էր սուլթան Վահդեթինը...։

Նշենք, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարեւանությամբ գտնվող «Գեզի» այգու տարածքում 1551-ից մինչեւ 1939-ը եղել է հայկական գերեզմանատուն, որի վրա կառուցվել է հյուրանոց եւ այգի։

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու համար, ինչին դեմ են հանդես եկել մի շարք արվեստագետներ, պատգամավորներ եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների: