Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման աշխատանքների շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաձնարարությամբ աշխատանքներ են տարվում գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին, ինչպես նաեւ Երեւանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող մայրաքաղաքում առկա գովազդային պաստառներն ու վահանակները ապամոնտաժելու  ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին  ծանուցելով օրենքին չհամապատասխանող գովազդները սեփական ուժերով ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու մասին, սահմանել էր նաեւ վերջնաժամկետ՝ մայիսի 29-ը:

ՀՀ լեզվի պետական տեսչության հետ համատեղ կատարված շրջայցերից եւ թերությունների գույքագրումից հետո՝ մայիսի 30-ից բոլոր վարչական շրջաններում մեկնարկել եւ շարունակվում է օրենսդրության պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը աշխատանքների ընթացքի հետ կապված նշել է, որ ապամոնտաժումները առաջնահերթության կարգով կատարվում են վարչական շրջանների կենտրոնական փողոցներում:

Մինչ օրս մայրաքաղաքում ապամոնտաժվել է ավելի քան 300 գովազդային պաստառ: Ավելի քան 100 տնտեսվարողի էլ տրամադրվել է անվճար մասնագիտական խորհրդատվություն, նաեւ անվճար դիզայներական ծառայություններ են մատուցվել:

Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովին է ներկայացվելու արդեն Երեւան քաղաքի իսկ մշակված գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկություններն ու համաչափությունները: Գովազդի տեղադրման օրինաչափություններին ցանկացողները կկարողղանան ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով: