Հրատարակվել է «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» պրակը:  Ավելի վաղ `2011 թ.  լույս էր տեսել նաեւ «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը» պրակը: Երկու պրակների շնորհանդեսը կկայանա հունիսի 14-ին, ժամը 15-ին  ՀՀ Ճարտարապետների միությունում: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամոթոդական խորհրդի որոշմամբ տպագրված պրակները եզակի ձեռնարկներ են, որոնցում ներկայացված են հայկական ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմանդիր, ճարտարապետ Թորամանյանի 20-րդ դարի սկզբին  կատարած աշխատանքները:  Մասնավորապես «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» պրակում  ներկայացվել են  Թ. Թորամանյանի կատարած` Անիի Ս. Առաքելոց  եկեղեցու եւ գավթի, Ս. Փրկիչ եւ Ս. Գրիգոր /Ապուղամրենց/ եկեղեցիների չափագրություններն ու վերակազմությունները:  Ընտրված եկեղեցիների մեկենասներն են եղել հայկական Պահլավունյաց իշխանական տոհմի ներկայացուցիչները, որոնց հայրենանվեր գործունեության մասին  հիացմունքով ու ակնածանքով է խոսել Թորամանյանը: Եկեղեցիներից  յուրաքանչյուրն իր հորինվածքով ու հարդարանքով անփոխարինելի տեղ է զբաղեցնում հայկական ճարտարապետության  գանձարանում:  Ընթերցողին ներկայացվող գծագրական նյութերի մեծ մասը տպագրվում է առաջին անգամ: Պրակը կազմել են ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի վարիչ Գ. Հովհաննիսյանը  ու  ճարտարապետ Գ. Ղաֆադարյանը: Այն լույս է տեսել 350 օրինակ տպաքանակով:

«Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը» պրակում ներկայացված են Թորամանյանի 20-րդ դարի սկզբին կատարած` Անիի Ս. Գրիգոր Լուավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցու, կից կառուցված  սյունասրահի եւ մատուռի չափագրություններն ու լուսանկարները: Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր դասական համաչափությունների, բարձրարվեստ հարթաքանդակների եւ որմնանկաների շնորհիվ համարվում է |Շիրակի ճարտարապետական դպրոցի լավագույն ավանդույթները կրող հուշարձաններից մեկը: Մինչ այժմ Թ. Թորամանյանի կատարած չափագրություններից միայն համալիրի հատակագիծն է ներկայացված մասնագիտական գրականության մեջ, մյուսները /ճակատներ, կտրվածքներ, ճարտարապետական մանրամասներ/ տպագրվում են առաջին անգամ: Անցած հարյուր տարվա  ընթացքում հուշարձանը կրել է փոփոխություններ, եւ հուշարձանի նախնական վիճակը փաստագրված է միայն Թորամանյանի գծագրերում ու լուսանկարներում: Պրակը լույս է տեսել 300  օրինակ տպաքանակով, կազմել են` Ս.Առաքելյանը, Գ.Հովհաննիսյանը, Գ.Ղաֆադարյանը:

2008 թ.  տպագրվել ու ընթերցողի  դատին էր  հանձնվել «Անիի մայր տաճարը» առաջին  պրակը: Հրատարակված պրակների գիտական խմբագիրն անվանի ճարտարապետ Գրիգոր Հասրաթյանն է: