Այժմ Ադրբեջանում աննախադեպ ներքաղաքական իրավիճակ է ստեղծվում, որը չկար ոչ  2003 – 2004թթ., ոչ էլ առավել եւս 2008թ.: Եվ առաջին հերթին դա արտահայտվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ երրորդ ժամկետի համար առաջադրվելու հանգամանքով:  Այդ մասին այսօր՝ հունիսի 12-ի մամուլի ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝ միանգամայն ակնհայտ են Ադրբեջանի եւ Վրաստանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի միջեւ տարբերությունները ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու առումով: «Երբ հարեւան երկրի նախագահը երրորդ նախագահական ժամկետի է պատրաստվում, նշանակում է, որ քաղաքական առումով երկիրն արդեն հեռանում է Հարավային Կովկասից եւ վերածվում ինչ-որ բանի՝ Կենտրոնական Ասիայի խորքում: Այդ գործընթացները  նույնպես չեն կարող չանհանգստացնել հասարակությանը եւ քաղաքական վերնախավին, այդ թվում՝ Ադրբեջանի», - նշել է Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ կատարվածի վրա անդրադառնում են նաեւ նավթի վաճառքի եկամտի նվազման հետ կապված  սոցիալ-տնտեսական խնդիրները՝ սկսած 2010թ.-ից: Քաղաքագետը ուշադրություն է դարձրել նաեւ  Ադրբեջանի արտաքին քաղաքական խնդիրների վրա, որոնք պայմանավորված են  հարեւան բոլոր երկրների, նույնիսկ Վրաստանի հետ հարաբերությունների վատացմամբ, հետ: «Սակայն Ադրբեջանն ամենամեծ խնդիրներ այժմ ունի Ռուսաստանի հետ՝ սկսած ռազմավարական հարաբերություններից մինչեւ Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ եղած հարաբերությունները:  Այդ փաստն արդեն ազդել է հայ-ռուսական ռազմա-մարտավարական եւ քաղաքական համագործակցության աննախադեպ աճին», - ասել է Սերգեյ Մինասյանը:

Ըստ փորձագետի համոզման՝ ադրբեջանական սփյուռքի կազմակերպության՝ այսպես կոչված «Միլիոնատերերի ակումբի»  ղեկավար Ռուստամ Իբրահիմբեկովը հնարավորություն ունի դառնալու եթե ոչ ընդդիմության կողմից նախագահի թեկնածու, ապա գոնե այն ընդդիմադիր գործընթացների առաջնորդ, որոնք տեղի կունենան Ադրբեջանում:  «Ադրբեջանում քաղաքական աշունը բավականին հետաքրքիր կլինի, ես կասեի՝ նույնիսկ անկանխատեսելի», - եզրակացրել է Սերգեյ Մինասյանը: