Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընդդիմության ներկայացուցիչներն իրականացնում են «Երթ դահիճների դեմ» անվանումով ակցիան: Ներքին գործերի նախարարության տվյալներով` երթն արդեն հավաքել է գրեթե 5000 մասնակից, իսկ Gazeta.ru-ի գնահատականներով` ակցիային մասնակցում են 10-13 հազար մարդ:

Հաղորդվում է, որ Բոլշոյ Կամեննի կամրջի սկզբում հավաքված ակտիվիստները ցուցադրում են «Բոլոտնոեի գործը» հետաքննող քննիչների դիմանկարները: Հենց նույն տեղում ցուցարարները պատրաստվում են Ռուսաստանի դրոշի գույներով 3 օդապարիկ բաց թողնել, որոնք միացված են ցանցերով, որոնց վրա էլ ընդդիմադիր կոչերով պաստառներ են փակցված: Իշխանությունների հետ համաձայնեցված երթն ավարտվելու է Բոլոտնոե հրապարակում:

Մինչ միջոցառումն սկսելը ոստիկանության ներկայացուցիչները կազմակերպիչների խնդրանքով ձերբակալել են 9 մարդու, որոնց մոտ եղել են ֆայերներ եւ «Ձախ ճակատի»-ն վերաբերող ատրիբուտներ:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով Սերգեյ Ուդալցովի թվիթերի գրառումը, դեռ ակցիայի սկզբում ՌԴ դատախազությունը նրանց զգուշացրել է. «Դատախազությունը զգուշացնում է, որ պաշտոնատար անձանց երեւակայական բանտախցերում ներկայացնելը նպատակահարմար չէ»: Ավելի վաղ ընդդիմադիրներն իրոք պատրաստվում էին ՌԴ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովին ներկայացնել բանտում նստած:

Դատախազությունը ընդդիմադիրներին նաեւ հետ է պահել սադրիչ գործողություններ իրականացնելուց: