Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, լրագրողների հետ զրույցում խոսել է «Գեզի» այգու իրադարձություններից, խոստովանելով, որ ոստիկանության առաջին օրվա միջամտությունը սխալ էր, ինչը հանգեցրեց նման հետեւանքների։

Թուրքական T24.com-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե միջազգային մամուլում Թուրքիայում  «Գեզի» այգու իրադարձությունների եւ «Արաբական գարնան» միջեւ համեմատությունները սխալ են՝ շեշտելով, թե արաբական երկրների ցուցարարների եւ թուրք ցուցարարների պահանջների մեջ տարբերություն կա։ Գյուլը պնդել է, թե Թուրքիայում չկա գործազրկություն, իսկ այն պահին երբ աշխարհում մոլեգնում էր տնտեսական ճգնաժամը, Թուրքիայում տնտեսությունը զարգացում էր ապրում։

Նշենք, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարեւանությամբ գտնվող «Գեզի» այգու տարածքում 1551-ից մինչեւ 1939-ը եղել է հայկական գերեզմանատուն, որի վրա կառուցվել է հյուրանոց եւ այգի։

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու համար, ինչին դեմ են հանդես եկել մի շարք արվեստագետներ, պատգամավորներ եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների: