Հունիսի 15-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի կայքից:

Ի թիվս այլ հարցերի՝ ավագանու նիստում կքննարկվի նաեւ Կ. Արեյանին Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, Վ. Նիկոյանին, Ա. Սուքիասյանին եւ Դ. Օհանյանին`  Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին հարցերը:

Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ  Դավիթ Օհանյանը ասել էր, թե լրատվամիջոցներից է իմացել իր փոխքաղաքապետ դառնալու մասին: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, թե նման քննարկում, առաջարկ չի եղել, ինքը շարունակում է կատարել իր պարտականություններն աշխատավայրում: Նա հերքել էր նաեւ տեղեկությունները, թե իրեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին փոխարինելու է Սամվել Ալեքսանյանի եղբորորդին: «Չկա նման բան»,- ասել էր նա:

Դավիթ Օհանյանը չգիտեր` ցանկանում է դառնալ փոխքաղաքապետ, թե գերադասում է մնալ վարչական շրջանի ղեկավար: «Դժվար հարց եք տալիս: Հենց նման քննարկում լինի, կպատասխանեմ: Եթե պարոն Ալեքսանյանի հետ նման քննարկում լիներ, տեղյակ կլինեի, չի եղել, մենք նման բան չենք քննարկել»- ասել էր նա: