Ստամբուլի «Գեզի» այգու պահպանության համար դիմակայության դուրս եկած քաղաքացիների դեմ ոստիկանները հունիսի 11-ի երեկոյան հերթական հարձակումն են իրականացրել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն անցել է հարձակման սեփական քաղաքացիների դեմ՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ պլաստմասե փամփուշտներ։
Ոստիկանության գործողությունների հետեւանքով Թաքսիմի հրապարակը վերածվել է պատերազմի դաշտի։
Ինտերնետում հայտնված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են ոստիկանները ջրցան մեքենաներով հարձակվում մարդկանց վրա, իսկ այդ ընթացքում փողոցից չի կարողանում հեռանալ հաշմանդամի սայլակով ակցիա դուրս եկած մի քաղաքացի։
Նշենք, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարեւանությամբ գտնվող «Գեզի» այգու տարածքում 1551-ից մինչեւ 1939-ը եղել է հայկական գերեզմանատուն, որի վրա կառուցվել է հյուրանոց եւ այգի։
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու համար, ինչին դեմ են հանդես եկել մի շարք արվեստագետներ, պատգամավորներ եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։
Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների:




























