Վենետիկի ժամանակակից արվեստի 55-րդ բիենալեում կներկայացվի Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթը» պատումը:
2013 թ. Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին, այն կրում էր «Հանրագիտարանային պալատ» խորագիրը: Վենետիկի 55-րդ բիենալեին ներկայացված էին 150 նկարիչ եւ 88 ազգային տաղավար: Բիենալեի գլխավոր կուրատոր Մասիմիլիանո Ջոնին «Հանրագիտարանային պալատ» անվանումը վերցրել է ինքնուս նկարիչ Մարինո Աուրիտիի այդպես էլ իրականություն չդարձած համանուն նախագծից /1955 թ./: Այն պետք է լիներ մի երեւակայական թանգարան, որտեղ զետեղված կլինեին մարդկության բոլոր գլխավոր հայտնագործությունները` անիվից մինչեւ տիեզերանավ: Ըստ Մասիմիլիանո Ջոնիի այս անսովոր երազանքն ինչ-որ առումով կարող է բնորոշել եւ միավորել այն արվեստագետներին, գրողներին եւ գիտնականներին, ովքեր իրենց աշխատանքներում փորձել են հորինել աշխարհի ընդհանրական պատկերացումներ: Վենետիկյան բիենալեում սովորաբար ցուցադրվում են գեղարվեստական մտածողության ամենավերջին միտումներն ու դրսեւորումները, սակայն 2013 թվականի բիենալեի հիմնական գաղափարախոսությունն անցյալի եւ ներկայի, ավանդույթի եւ մոդեռնի համակցումն է:
Այս իմաստով Հայաստանի կողմից ներկայացված Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթը» պատումը (նարրատիվ), որը խոսքի եւ դրա անմիջական դրվագման մի ինքնատիպ օրինակ է՝ շաղկապում է ժամանակներն ու գեղարվեստական հին ու նոր արտահայտչամիջոցները: Այն ոչ միայն լիովին համապատասխանում էր բիենալեի գլխավոր կոնցեպցիային, այլ նաեւ այն տեղին ու միջավայրին, որտեղ ցուցադրվում էր՝ Սուրբ Ղազար կղզում, այսինքն այն վայրում, որտեղ ի հայտ են եկել հայ բազմադարյա մշակույթի բազում նմուշներ, այդ թվում եւ հայ առաջին տպագիր գիրքը: Ի սկզբանե հնարավորություն կար հայկական նախագիծն իրականացնել Վենետիկի կենտրոնում գտնվող Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի տարածքում, սակայն նախագծի հեղինակը եւ համադրողը կոնցեպտուալ իմաստով ճիշտ համարեցին այն իրականացնել հենց Սուրբ Ղազարում, որտեղ գործում է տպագրական հնագույն մեքենաների թանգարան, եւ Արարատ Սարգսյանի ինքնաշեն տպագրական սարքը դառնում է թանգարանի ցուցադրանքի շարունակությունը: Կարեւոր է, որ Արարատ Սարգսյանի պատումն ուղեկցվում էր ինտերակտիվ վիդեո-ինստալացիայով` անգլերեն տիտրերով, ինչն օտար այցելուներին հնարավորություն է տալիս ընկալել հյութեղ կառնո բարբառով ընթացող խոսքի եւ դրվագումի իմաստը: «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթը» պատումի տեսահոլովակն անընդմեջ ցուցադրվել է բիենալեի հիմնական մեծ տաղավարներն ընդգրկող «Ջարդինի» եւ վենետիկյան Զինանոցի՝ Արսենալիի հսկայական համալիրի նախասրահներում, ինչպես նաեւ մշակութային եւ հասարակական նշանակության այլ կենտրոններում:
Հայաստանյան նախագծի ներկայացման հովանավորը ՀՀ մշակույթի նախարարությունն է, լիազորված անձը` նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, համադրողը` արվեստաբան-նկարիչ Արման Գրիգորյանը: Նախագծի կայացման աշխատանքներին նպաստել են վենետիկաբնակ Վարդան Կարապետյանը, համակարգողներ Սաթենիկ Սարգսյանը, Նինա Հայրյանը: Նախագծի իրականացման համար ՀՀ մշակույթի նախարարությունը տրամադրել է 5 մլն դրամ:




























