Իրավիճակը Պռոշյանում բավականին լարված է կատարվածի պատճառով (գյուղապետի սպանության), սակայն գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը կատարվել է օրենքի շրջանակում: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, խորհրդարանում հայտարարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝ պատասխանելով ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցին, թե «որոշ մութ ուժեր փորձում են Պռոշյանում սրել իրավիճակը՝ մինչեւ հուլիսի 14-ին կայնալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները»:
Վարդանյանը նշել է, որ Կոտայքի մարզպետի որոշմամբ Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մի մարդ, որը ոչ մի կերպ չի ընդունվում բնակիչների կողմից, եւ այդ նշանակումն էլ ավելի է սրում իրավիճակը:
«Որքան ես հասկանում եմ, Դուք առարկություններ չունեք Կոտայքի մարզպետի վճռի օրինականության կապակցությամբ: Տրամաբանորեն գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար պետք է լիներ գյուղապետի տեղակալը, սակայն հաշվի առնելով, որ վերջինս գյուղապետի պաշտոնի թեկնածու է, իր նշանակումն օրենքով անհնար է: Մարզպետը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել մի մարդու, որը կարող է իր վրա վերցնել այդ պարտականությունները», - ի պատասխան հայտնել է Գեւորգյանը՝ նշելով, որ նման հարցերում չի կարելի առաջնորդվել զգացմունքներով, այլ՝ օրենքով:
Ըստ Գեւորգյանի՝ մարզպետի գործողություններում հակաօրինական ոչինչ չկա, հաշվի առնելով, որ համայնքում բավականին լարված իրավիճակ է:
Իր հերթին Վարդանյանը նկատել է, որ ժամանակավոր պաշտոնակատարն է համայնքի ղեկավարի նախկին թեկնածուն, որը ժամանակին աննշան ձայներ էր ստացել եւ բնակիչների շրջանում հեղինակություն չի վայելում, միաժամանակ փորձում է խոչընդոտել դպրոցի տնօրենի ընտրություններին: «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի համայնքում լարվածություն չլինի, իսկ դուք ստեղծում եք այն: Այդ պաշտոնին պետք է չեզոք մարդ նշանակվի, որը չի առաջացնի բնակչության դժգոհությունը»:




























