Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված է 3.2 հա նոր սիզամարգեր ստեղծելով, ինչպես նաեւ անխնամ մնացած կանաչ տարածքների լիարժեք խնամքով, Երեւանի սիզամարգային տարածքները համալրել մինչեւ 12 հեկտարով։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իսակովի պողոտային հարակից թեք լանջին եւ Հալաբյան փողոցի ձախակողմյան հատվածում սիզամարգային տարածքների ստեղծման աշխատանքներն ավարտվել են, Դավիթ Բեկի փողոցի աջակողմյան հատվածում եւ Մյասնիկյան պողոտայի 2 կամուրջներին հարակից տարածքում՝ դեռեւս ընթացքի մեջ են։ Այս տարի Երեւանի ոռոգման ցանցը համալրվելու է 21 կմ-ով։ Ոռոգման նոր ցանց է անցկացվելու հատկապես նորաստեղծ սիզամարգերում, ինչպես նաեւ անջրդի այլ տարածքներում՝ Նոր Նորք, Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։
2013 թվականին մայրաքաղաքում արդեն տնկվել է 40.000 ծառ, այդ թվում՝ 4000 գնդաձեւ ակացիա, 1500 կիպարիս, 14.500 հացենի, սոսի, կաղնի, թխկի, վայրի խնձոր, տանձ. տնկվել է նաեւ 10.000 թուփ։ Եվս 7000 ծառ տնկվելու է աշնանը։ Նոր տնկիների կպչողականությունը ներկայիս ժամանակում կազմում է 72 տոկոս։
Երեւանի ծաղկային 6.2 հա տարածքներում արդեն տնկվել է 12.000 վարդի թուփ եւ 700.000 ծաղկասածիլ, 1.300.000-ը տնկվելու են։
2013 թվականի՝ Երեւանը կանաչ տարածքներով համալրելու ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսը կազմելու է 850.0 հա, որից 188.0 հա–ն Երեւանի 68 այգիներն ու պուրակներն են։




























