Վրաստանում աշխատանքից հեռացվել է վրացի զինծառայողների սննդամթերքի անվտանգության պատասխանատու պաշտոնյան, հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարությունում: 

Նման որոշում էր կայացվել, երբ Քութայիսի զորամասերից մեկում սննդային զանգվածային թունավորում էր տեղի ունեցել: Տուժածները տեղափոխվել էին հիվանդանոց:

Թունավորման հստակ պատճառը դեռ չի պարզվել: Շուրջ 10 զինծառայող ներկայումս բուժզննում են անցնում: Կատարվածի առնչությամբ  քրեական գործ է հարուցվել:  Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտնել է, որ քննության ավարտին «կթռչեն բոլոր նրանց գլուխները, ովքեր չեն գիտակցում իրենց բանակում սննդի եւ սպասարկման պատասխանատվությունը»:  Ըստ նրա, թեեւ դա զանգվածային բնույթ չի կրում,  զինվորների սննդի բոլոր պատասխանատուները հեռացվել են աշխատանքից, հաղորդում է «Մեդիանյուսը»:

Ալասանիան նաեւ հայտնել է, որ նախարարությունը վճռել է փոխել բանակի սնվելու ռեժիմը: Պաշտոնյան պարզաբանել է, որ 2013թ. մայիսի 1-ից զինծառայողները ոչ կանոնակարգված սնվելու  ռեժիմից անցել էին կանոնակարգվածի, որն առաջացրել էր զինվորների դժգոհությունը:  Ըստ նրա՝ նախարարության ղեկավարությունը որոշել է հաշվի առնել զինծառայողների ցանկությունը, վերականգնել ոչ կանոնակարգված սնվելը:

Սնվելու ռեժիմի փոփոխության կապակցությամբ նոր տենդեր է անցկացվելու: