Հունիսի 3-ին տեղացած ուժեղ կարկտահարությունից, որը զուգորդվել է ուժեղ քամով եւ հորդառատ անձրեւով, տուժել են Տավուշի մարզի 12 համայնքների գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններ, բազմամյա տնկարկներ, խոտհարքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունը:
«Վնասվել են նաեւ դաշտամիջյան ճանապարհներ: Վերոնշյալ համայնքներից յուրաքանչյուրում ստեղծվել է համայնքային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ եւ ֆերմերներ: Հանձնաժողովներն ուսումնասիրել են վնասված տարածքները եւ որոշել վնասվածության աստիճանը, կազմել համապատասխան ակտեր եւ ներկայացրել մարզային հանձնաժողով: Մարզային հանձնաժողովում ներառվել են արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տավուշի մարզային վարչության աշխատակիցներ, Տավուշի մարզի ԳԱՄԿ-ի գործակալներ եւ մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:
Մարզային հանձնաժողովը ուսումնասիրել է համայնքային հանձնաժողովների ներկայացրած ակտերը, որից հետո տեղերում կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ: Վնասվել են շուրջ 1977 հա մշակաբույսերի ցանքատարություններ, բազմամյա տնկարկներ եւ խոտհարքեր: Կատարվում են վնասի չափերի հաշվարկման աշխատանքներ»,-ասված է Տավուշի մարզպետարանի հաղորդագրության մեջ:




























