Աֆղանստանում ահաբեկչության հետեւանքով զոհված վրացի զինծառայողների թաղման արարողությունը տեղի կունենա հունիսի 13-ին:

Ինպես հայտնում է «Նովոստի Գռուզիա»-ն, Թեյմուրազ Օրտավաձեի, Գեորգի Ադամովի, Զուրա Գուրգենաշվիլիի, Զվիադ Սուլխանիշվիլիի, Գեորգի Գուչաշվիլիի, Միխայիլ Նարինդոշվիլիի եւ Բորիս Ցուգոշվիլիի մարմինները հանվելու են իրենց տներից եւ հողին են հանձնվելու զինվորական ուղեկցությամբ:

Թաղման արարողությանը ներկա են լինելու Վրաստանի գործադիր իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ խորհրդարանի պատգամավորներ:

«Նրանք զոհել են իրենց կյանքը հանուն հայրենիքի: Վաղը մենք նրանց կհանձնենք վրացական հողին: Իհարկե, ողջ Վրաստանն է հավերժացնում այդ հերոսների անունները», - լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Իրակլի Սեսիաշվիլին:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում վրացական ստորաբաժանման վրա իրականացված ահաբեկչության հետեւանքով մահացել են 7 եւ վիրավորվել են 9 վրացի զինվոր: Նրանք ծառայում էին անվտանգության աջակցության միջազգային ուժերի` ISAF-ի կազմում: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել Թբիլիսիի Սուրբ երրորդություն մայր տաճարում, որը հայտնի է նաեւ Սամեբա անվանումով: