«Իդեալ» համակարգի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ըստ տեղեկությունների այդ խանութի հետ խնդիրներ ունենալու պատճառով Ավանի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանի դեպքին:

«Ուշադիր հետեւելով մամուլի բոլոր հրապարակումներին եւ համբերատար սպասելով կոմպետենտ մարմինների կողմից քաղաքացի Ամալյա Նազարեթյանի՝ հոգեբուժարան տեղափոխելու բոլոր հանգամանքների բացահայտմանը, Իդեալ Համակարգը հարկ է համարում հանդես գալ համալիր պարզաբանմամբ.

1. Իդեալ Համակարգը քաղաքացի Ամալյա Նազարեթյանի հետ կապված գրավոր կամ բանավոր բողոք, դիմում կամ այլ գրություն չի ներկայացրել եւ իրավասու չէ գնահատել տիկին Նազարեթյանի առողջական վիճակը: Իդեալ Համակարգն այս հարցում կարող է զուտ հենվել մասնագետների գնահատականների վրա եւ ողջ կոլեկտիվի անունից մաղթել տիկնոջը քաջ առողջություն:

2. Իդեալ Համակարգը հանդիսանում է Կոմիտաս 56 հասցեում գտնվող առեւտրային տարածքի վարձակալ, հետեւաբար չէր կարող առնչություն ունենալ տվյալ շենքում սեփականության իրավունքից բխող շինարարական եւ այլ հարցերին:

3. Ներսես Նազարյանի՝ Իդեալ Համակարգի սեփականատեր հանդես գալու մասին տեղեկատվությունը եւս անհիմն է ու բազմիցս հերքվել է մամուլում: Այս հարցի հետագա շահարկումներն անհասկանալի են:

Նշենք, որ Ընկերությունն ունի բազմաթիվ նվաճումներ շուկայում ծառայությունների մատուցման ու բիզնես-մշակույթի ներդրման ոլորտում եւ մշտապես բարձր գնահատականի է արժանացել ազգաբնակչության կողմից ու միջազգային ասպարեզում:

Իդեալ Համակարգի անունը քաղաքացի Ամալյա Նազարեթյանի հետ կապված դեպքի հետ շրջանառելու բոլոր փորձերը համարում ենք անհիմն ու անտրամաբանական, իսկ հարցական նշանով վերնագրեր դնելու ճանապարհով մեխանիկական արտատպումները՝ էժանագին սենսացիայի որոնում:

Ի մի բերելով վերոշարադրյալը, Իդեալ Համակարգը շնորհակալություն է հայտնում իրավիճակը սթափ եւ անաչառ լուսաբանող բոլոր լրատվամիջոցներին եւ կոչ անում այլոց՝ հարգել ազնիվ տեղեկատվություն ստանալու ընթերցողների իրավունքը»,- ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ Ավանի հոգեբուժարան տեղափոխված, Կոմիտասի 56 շենքի բնակիչ, 78-ամյա Ամալյա Նազարեթյանն արդեն տանն է, իրեն լավ է զգում եւ առողջական խնդիրներ էլ չունի:

Նա մեր հետ զրույցում պատմեց, որ 4 տարի առաջ իրենց շենքի տակ գտնվող «Իդեալ» խանութից մեծ գումարով լոգախցիկ էր գնել, սակայն նրան անորակ ապրանք էին վաճառել: Կինը դրանից հետո բազմիցս դիմել է խանութին` խնդրելով փոխել, սակայն նրան ձեռ էին առնում, ծիծաղում էին` մտածելով, թե «մի հատ պառավ է, շա՞տ է հասկանում»: Դրանից հետո նա դիմում է ոստիկանություն, եւ այդ հարցը կարճ ժամանակում լուծվում է, ոստիկանների միջոցով ապրանքը ետ են վերադարձնում, կնոջը գումարն էլ տալիս: Նրա խոսքով` այդպես խանութի հետ դառնում են թշնամիներ, քանի որ «իրենց խոսքը չանցավ»:

Դրանից հետո «Իդեալ» խանութ զբաղեցնող տարածքի սեփականատերը` ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը ցանկանում է տարածքը մեծացնել, սակայն հարեւանները դեմ են լինում դրան: Ամալյա Նազարեթյանը օգնում է վերջիններիս` համոզելով հարեւաններին, որ տարածքը առաջ կտան, չեն խանգարի իրենց, բնակիչների համար ավելի լավ կլինի: Սակայն, սեփականատերերը տարածքը մեծացնում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում եւ հարեւանների աչքում նա «վատամարդ»  է դառնում: Իրավիճակը շտկելու համար նա գնում է «Իդեալի» գրասենյակ, փորձելով հանդիպել տնօրենի հետ, սակայն նրան շատ կոպիտ են պատասխանում եւ ճանապարհում: Ավելի ուշ մեծացրած տարածքում խանութը օդորակիչ է տեղադրում,որի ձայնից իր տան հեռուստացույցն է փչանում, խանութում շինարարությունից էլ կնոջ տան պատերը ճաքեր են ստանում, որոնք այդպես էլ խանութը չի վերանորոգում:  Կինը դիմում է լրատվամիջոցներին` խնդրելով օգնություն, հոդված է տպագրվում, սակայն դա ավելի է բարկացնում տարածքի սեփականատերերին: Ամալյա Նազարեթյանի պատմելով, այդ ամենից հետո իր նկատմամբ հալածանքներ են սկսվել, իրեն արգելել են հարակից այգի մտնել, Կոմիտասի փողոցով քայլել: «Դրանից հետո որ դուրները չեկավ, էդ Մխիթարյան Արմենի մայրը` «գիժ Սուսանը»,  մի ժամանակ Սեւանի գժանոցում էր, թե ոնց է դուրս եկել, չգիտեմ, որտեղ հասնում էր, խփում էր, հարվածում էր, մազերս պոկում էր, ես ոչ մի անգամ նման քայլի չէի դիմում, դիմում էի պետությանը»,- պատմեց նա` հավելելով, որ ոստիկանություն դիմելուց եւ նրան այնտեղ կանչելուց հետո այլեւս իրեն չի անհանգստացրել:

Մայիսի 13-ին էլ իրենց տարածքի թաղայինն է իրենց դուռը ծեծում: «Հարցրի` ով է, ասաց` Արարատն է, բաց արի, հետեւից տեսնեմ 4-5 տղամարդ են գալիս, մեկը ասաց, որ ես բժիշկ եմ, երկուսի վրա էլ կարմիր խաչի նշան կար, մեկ էլ երկու ոստիկան կար: Այդ մարդը նայեց, ասաց` հիվանդ չէ, ոչ մի հիվանդություն չունի, լրիվ առողջ մարդ է, բայց ասաց բան է պետք ստորագրել, արի գնանք, մի ժամից տանը կլինեք: Ես էլ չմտածեցի, տարան բուժհիմնարկություն, ասացին` ինչի վրա ես բողոքում, ես էլ ասի, որ դուք ասել եք, որ միլիցիա պետք է գալ, ինձ էլ հասնում է իրավաբան, թող գա, հասնի, խոսենք: Մեկ էլ ասաց` բարձրացրեք 4-րդ հարկ, ճնշումը չափեն, բարձրացա, ընկա թակարդը, դուռը փակվեց, ոչ դուրս են մարդ թողնում, ոչ ներս: Անընդհատ ասում էին, թե դատավորը կգա, կգա, եկավ, կանչեցին, դուրս եկա, տեսա մի կին նստած է, ագրեսիվ ձեւով խոսում է, ու երկու օր անց վճիռ տվեցին, թե ես ագրեսիվ եմ, վտանգավոր եմ ժողովրդի համար, դրա համար պիտի մնամ բուժհիմնարկությունում: Բուժհիմնարկությունը պահեց, իր ասածն արեց»,- պատմում է կինը: