Հայկական ավանդական խոհանոցի համը, բույրը եւ ինքնատիպությունը ներկայացվել է հոբելյանական «Հացը լեռներում» փառատոնին (ֆոտոռեպորտաժ): Մասնագիտական եւ արհեստագործական ավելի քան 15 տաղավար էր ներկայացված այսօր Էրեբունիի Արգիշտիի հրապարակում: Բոլոր այցելուները հնարավորություն ստացան ծանոթանալ արդեն մոռացված հայկական ավանդական ճաշատեսակներին: Բացի համաքաղաքացիներից, փառատոնին ներկա էին զբոսաշրջիկներ, որոնք մեծ հետաքրքրությամբ ծանոթանում էին ամեն տաղավարում ներկայացված ուտեստներին:
Նազուկ, Թթվապուր, Օձի թթու, Խաշիլ, Մայրամապուր, Ագդակ՝ սրանք մի քանիսն են այն 60 եկեղեցական եւ ծիսական ուտեստներից, որոնք ներկայացվել էին փառատոնին։ Ամեն տաղավար ուտեստների միջոցով ներկայացվում էին եկեղեցական եւ ժողովրդական 13 տոներից մեկը։ Կերակրատեսակներին կից կային նաեւ ուտեստների բաղադրատոմսերը, որոնք հյուրերն եւ համաքաղաքացիները ուրախությամբ վերցնում էին:
Փառատոնն ուղեկցվում էր հայկական ժողովրդական երգով եւ պարով: Միջոցառմանը մասնակցեց նաեւ «Ընտրյալները» տարեցների համույթը:




























