Թուրքիայում իշխող «Արդարության եւ զարգացում» կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Ստամբուլի «Գեզի» այգու վերակառուցման հարցը, որը ամբողջ երկրով մեկ հակակառավարական ցույցերի պատճառ է դարձել:

Կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը միաժամանակ ցուցարարներին կոչ է արել լքել այգին, որտեղ վերջիններս վրանային ճամբար են տեղակայել:

«Ոստիկանությունը կզբաղվի սադրիչների եւ այգին չլքողների հարցով», - ասել է Չելիկը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Չելիքի հայտարարությունն արվել է հունիսի 11-ին բնապահպան-ակտիվիստների հետ Էրդողանի հանդիպումից հետո:

«Ինտերֆաքսը» գրում է, որ մի քանի հարյուր ցուցարարներ կրկին հավաքվել են Ստամբուլի «Գեզի» այգում՝ հակակառավարական հերթական ցույցին մասնակցելու:

Բողոքողները երգում եւ հակակառավարական կոչեր են հնչեցնում: Նրանք տուն չեն գնում՝ ի հեճուկս իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պահանջի: