Վրաստանի խորհրդարանը հաստատել է ՄԱԿ-ում եւ ՆԱՏՕ-ում իր նոր մշտական ներկայացուցիչներին: ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում հաստատվել է Կախի Իմնաձեն, որը Շեւարդնաձեի կառավարման տարիներին նախագահի մամուլի ծառայությունն էր ղեկավարում: Հիշեցնենք, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Կախա Լոմայան Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ինքն էր հրաժարվել պաշտոնից:

«Գռուզիա Online»-ը հայտնում է, որ ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում հաստատվել է Լեւան Դոլիձեն, որը նախորդ տարվա հոկտեմբերից զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Լեւան Դոլիձեն, որը պատգամավոր, Եվրապական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դոլիձեի եղբայրն է, նախքան պաշտպանության փոխնախարար դառնալը ղեկավարում էր Լեւան Միքելաձեի անվան հիմնադրամը:

2006-2008թթ. նա եղել է Վրաստանի հյուպատոսը Շվեյցարիայում, մինչ այդ աշխատել է նախագահի աշխատակազմում:

Դոլիձեն նոր պաշտոնում փոխարինելու է ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Գեգա Մգալոբլիշվիլիին, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է այս ամռանը: