Այսօր Աթենքում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության 50-ամյակին նվիրված հոբելյանական կոնգրեսի նախօրեին հրավիրված մամուլի կոնֆերանսի ժամանակ Եվրոպա Նոստրան հրապարակել է Եվրոպայի առավել վտանգված հուշարձանների յոթնյակը: Այն ընդգրկում է մշակութային ժառանգության օրինակներ Ալբանիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Ռումինիայից եւ Թուրքիայից:
Եվրոպա Նոստրայի տարածած մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Եվրոպայի մշակութային եւ բնության ժառանգության այդ գանձերը սպառնալից վիճակում են հայտնվել անհրաժեշտ ֆոնդերի կամ փորձաքննության բացակայության, վատ պլանավորման, անփութության, բնական աղետների եւ կամ քաղաքական կոնֆլիկտների հետեւանքով»:
Հանդես գալով խոսքով` Եվրոպա Նոստրայի նախագահ Պլաչիդո Դոմինգոն մասնավորապես ասել է հետեւյալը. «Այս հուշարձաններն ու վայրերն ընտրվել են ոչ միայն այն պատճառով, որ դրանք պատմում են մեր ընդհանուր անցյալը, այլ նաեւ այն պատճառով, որ դրանք թանկ են դրանց պահպանության համար պարտավորություն կրող տեղական համայնքների համար»:
Եվրոպայի առավել վտանգված 7 հուշարձանների յոթնյակում է նաեւ Մարդինի /Արեւմտյան Հայաստան, Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը/ Սբ Գեւորգ հայկական եկեղեցին` ներկայացված Թուրքիայի կողմից:
«Շուրջ 15 դարեր Սբ Գեւորգ եկեղեցին Մարդին քաղաքի մեծ հայ համայնքի հոգեւոր օջախն է հանդիսացել: Պատմական հուշարձան դասակարգված այս շինությունը կառուցվել է 420թ. եւ օգտագործվել է հայ բնակչության կողմից մինչեւ 1915թ., մինչեւ հայերի կողմից քաղաքը լքելը», - ասված է Եվրոպա Նոստրայի պաշտոնական հաղորդագրության մեջ: Միաժամանակ նշվում է, որ հուշարձանը փրկելու մտահոգությունը Եվրոպա Նոստրային է ներկայացրել Թուրքիայի Եվրոպա Նոստրան` Մարդինի կաթոլիկ հայ համայնքի հիմնադրամի աջակցությամբ:
«7 առավել վտանգված վայրեր» ծրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին, որի շրջանակում 21 եվրոպական երկրներ ներկայացրել են 40 թեկնածություններ: Այս Ծրագրին աջակցում է Եվրոպայի հեղինակավոր ֆինանսական կազմակերպություններից մեկը` Եվրոպական ներդրումային բանկը:




























