«Երկրաշարժերի կանխատեսման հնարավորության, սեյսմիկության եւ կլիմայի փոփոխության կորելյացիայի համալիր հետազոտում» համաեվրոպական ծրագիրը թեւակոխել է իր ավարտական տարին, որը ֆինանսավորում է «Մարիա Կյուրի հիմնադրամը»՝ Յոթերորդ շրջանակային ծրագրով: Ծրագրին մասնակցում են 9 երկրների 16 գիտահետազոտական ինստիտուտներ եւ համալսարաններ: Հայաստանը ներկայացնում է Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում անցկացվում է փորձի փոխանակում եւ ուսուցում, մասնագիտական կապերի ձեռքբերում եւ ամրապնդում: ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ում արդեն հյուրընկալվել են Բուլղարիայի, Մակեդոնիայի եւ Հունաստանի փորձառու եւ երիտասարդ երկրաֆիզիկոս-սեյսմոլոգներ: Հայ մասնագետներն, իրենց հերթին, գործուղվել են Բուլղարիայի եւ Մակեդոնիայի սեյսմոլոգիական կենտրոններ: Նրանք այցելել են սեյսմիկ կայաններ, ծանոթացել սեյսմիկ դիտարկման համակարգերին, երկրաֆիզիկական եւ սեյսմոլոգիական տվյալների հավաքման եւ մշակման համար կիրառվող ծրագրերին, երկրաշարժերի եւ դրանց երկրաֆիզիկական նախանշանների վերլուծության ընթացքին, ուժեղ եւ զգալի երկրաշարժերի դեպքում ազդարարման համակարգերի աշխատանքին եւ երկրաշարժի մասին տվյալների հաղորդման եղանակներին:

Ծրագրի մասնակիցների գնահատմամբ, անցկացվող հանդիպումները եւ համատեղ աշխատանքը փոխադարձ օգտակար եւ ուսանելի են: