«Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնում է մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի որոշմանը, որը մերժել էր «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» ՀԿ դիմումի քննարկումը՝ թիվ 07 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ: Որպես հիմնավորում նշվել էր, որ դիմումում առաջադրված հարցերը Հանձնաժողովին ենթակա չեն:

«Հանձնաժողովն իր որոշմամբ եկել է այն եզրահանգման, որ դիմումում առկա են միայն պնդումներ Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին, «սակայն բացակայում է այդպիսի խախտումը (խախտումները) հավաստող որեւէ առերեւույթ հիմնավորում (խախտումը հավաստող փաստաթուղթ, այդ թվում ապացույց)»:

Հիշեցնենք, որ 24.05.2013թ ԹԻՀԿ-ն դիմել էր Հանձնաժողովին, խնդրելով քննության առնել Երեւանի ավագանու ընտրություններին թիվ 8/08 ընտրատեղամասում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրական գործընթացին միջամտելու եւ տեղամասում «կարգուկանոն հաստատելուն» ուղղված վարքագծի համապատասխանությունը պատգամավորի էթիկայի կանոններին եւ, որպես ապացույց, հղում էր կատարվել համացանցում առկա տեսանյութին:

Հանձնաժողովը նշված տեսանյութը համարել է «Դիմումի պնդումների հետ որեւէ կապ չունեցող», մինչդեռ տեսանյութից ակնհայտ է, որ պատգամավորը ընտրատեղամաս է եկել ընտրական գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչը հաստատում է անձամբ ինքը՝ պատգամավորը՝ պատասխանելով լրագրողի հարցին»,-ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» ՀԿ-ի հաղորդագրության մեջ: