Երեւանում կկայանա «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» առաջին միջազգային համաժողովը: Այն կմեկնարկի հունիսի 14-ին` ժամը 09:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում (Արարատ շքասրահ)։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

ՀՀ Կառավարության եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող այս համաժողովին ՀՀ կառավարությունը կներկայացնի ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագիրը եւ ծրագրով ստանձնած ՀՀ հանձնառությունների իրականացման ընթացքը: Մասնակիցները հնարավորություն կունենան ծրագրի կիրառման արդյունավետության հարցերը քննարկել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիտակետից. վերջիններս համաժողովի ընթացքում ներկայացնեն ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի արդյունքները:

Մասնակիցների թվում են նաեւ միջազգային փորձագետներ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Էստոնիայից եւ Վրաստանից, ովքեր ակտիվորեն ներգրավված կլինեն քննարկումներին եւ կներկայացնեն կուտակած փորձն ու պրակտիկ հմտությունները:

Միջոցառումը կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին միջեւ արդյունավետ քննարկումների եւ ՀՀ կառավարության` ԲԿԳ Գործողությունների ծրագրով ստանձնած հանձնառություններն իրականացնելու համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու իրական հնարավորություն է:

Նշենք, որ Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011 թվականին 8 երկրների նախաձեռնությամբ (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այս նախաձեռնությանն այսօր արդեն միացել է ավելի քան 60 երկիր: Հայաստանի հանրապետությունը նախաձեռնությանն անդամակցել է 2011-ի նոյեմբերին: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ձեւավորել առավել թափանցիկ եւ պատասխանատու իշխանություններ: