Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է տարածքով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին եւ լաբորատորիայում կրթություն ստացող երիտասարդների նորարական նախագծերին:
«mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան Հայաստանում գործում է 2011թ.-ից, որի նպատակն է խթանել շարժական կապին վերաբերվող նորարարությունը եւ ապահովել տարածաշրջանների կայուն զարգացումը: Ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ֆինլանդիայի կառավարության եւ Nokia ընկերության աջակցությամբ:
Nokia-ի կողմից աշխարհում հիմնադրվել է հինգ նման մոբայլ լաբորատորիա: Հայաստանում տեղակայվել է Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային լաբորատորիան: Նմանատիպ երկու լաբորատորիաներ գործում են Աֆրիկայում, եւս երկուսը՝ Ասիայում:
Գործունեության այս կարճ ժամանակահատվածում mLab-ի աջակցությամբ արդեն իսկ ձեւավորվել են ավելի քան 20 թիմեր/սկսնակ ընկերություններ, ստեղծվել են 70 մոբայլ աշխատածրագրեր` ներգրավելով շուրջ 100 հազար դոլարի ներդում, որոնք տեղադրվել են Android, iOS եւ Windows Phone առցանց հարթակներում:
Լաբորատրիայի կազմակերպած տարբեր միջոցառումներին, մրցույթներին եւ աշխատաժողովներին մասնակցել են ավելի քան 50 մոբայլ ընկերություններ եւ շուրջ 600 մոբայլ ծրագրավորողներ եւ դիզայներներ:
Կազմակերպվել է ավելի քան 20 դասընթաց Երեւանում եւ Գյումրիում, որի արդյունքում շուրջ 180 մասնագետներ հմտացել են մոբայլ տեխնոլոգիաների ոլորտում: Վերապատրաստում անցած երիտասարդների 80 տոկոսն արդեն աշխատանք է գտել Երեւանում եւ Գյումրիում տեղակայված տարբեր կազմակերպություններում, իսկ մյուսները ներգրավված են mLab աջակցությամբ (մենթորությամբ) ձեւավորված թիմերում եւ աշխատում են իրենց նախագծերի վրա, որպեսզի հիմնադրեն սեփական կազմակերպությունները:
Տեղեկացվել է, որ Nokia-ի եւ mLab-ի կողմից կազմակերպված «Մոբայլ միկրոաշխատանքի» մրցույթում ներկայացված գաղափարների թվով Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել` առաջ անցնելով Հնդկաստանից, Արեւելյան Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի բոլոր երկրներից:
Տարածաշրջանում մոբայլ լուծումների մրցունակությունը բարձրացնելու նպատակով «mLab ECA»-ն նախաձեռնել եւ կազմակերպել է նաեւ Մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ: Դրա նպատակն է խթանել գործարար եւ սոցիալական դաշտի զարգացումը մոբայլ տեխնոլոգիաներում նորարար գաղափարների միջոցով:




























