Հայաստանի էկոնոմիկայի նախարարության շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքներում արձանագրվել են էական խնդիրներ եւ ռիսկեր: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ներկայացնելով 2012 թվականի տարեկան հաշվետվությունը:
Զաքարյանը ներկայացրել է մի քանի, առավել ցայտուն խախտումները:
-«Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագիրն իրականացվել է թերություններով եւ խախտումներով: 2010թ. վարկային փաթեթից օգտված 30 սուբյեկտից գործում է 8-ը, 2011թ.` 17 սուբյեկտից` 8-ը, իսկ 2012 թ. վարկավորված 130 սուբյեկտից 11-ն արդեն իսկ լուծարվել կամ դադարեցրել է գործունեությունը: Մի շարք դեպքերում վարկերն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա, ֆինանսական աջակցության միջոցները բավարար չափով չեն նպաստել բիզնեսի ընդլայնմանն ու աշխատատեղերի ավելացմանը:
-Ռիսկային է նաեւ արդեն տրամադրված վարկային միջոցների վերադարձելիության խնդիրը, մասնավորապես ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով «Կոնսեր» ՍՊԸ-ին եւ «Վայք գրուպ» ՓԲԸ-ին հատկացված համապատասխանաբար` 395.000.0 եւ 164.000.0 հազ. դրամի ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում վերականգնվել է ընդամենը 85,825.1 հազ. դրամը:
-ՀՀ հասարակական վայրերի զուգարաններով ապահովման հայեցակարգի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարության արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված 2 բիո զուգարանները մինչ օրս չեն շահագործվում, որի հետեւանքով կատարված 100,000.0 հազ. դրամի ծախսը անարդյունավետ է:
-ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որակավորման պատշաճ վերահսկողություն չի իրականացրել զբոսաշրջության բնագավառում հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ:
-«Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից շուկան ուսումնասիրվել է կամայականորեն՝ առանց սահմանված կարգի եւ մեթոդական ցուցումների, իսկ ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատելուց հետո կողմնորոշիչ գները նույնպես որոշվել են առանց սահմանված ընթացակարգերի: Թողարկած տեղեկագրերում ընդհանրապես չի ներառվել աշխատանքների եւ ծառայությունների արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը: Բացարձակապես դուրս է մնացել նաեւ պետական կարիքների համար բոլոր ապրանքների մասով կողմնորոշիչ գների սահմանման բնագավառը»,- արձանագրել է ՎՊ նախագահը:



























