Հայաստանում պետական գնումների գործընթացի վերահսկողությամբ դեռեւս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային եւ խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ներկայացնելով 2012 թվականի տարեկան հաշվետվությունը:

«Վերահսկողության արդյունքների վերլուծությունը ցայց է տալիս, որ գնումների հետ կապված խնդիրների առանցքը կազմված է հետեւյալ երկու հիմնական բացասական երեւույթներից.

երկրի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների դիմաց պետությունը վճարում է դրանց իրական արժեքից շատ ավելի մեծ գումարներ, այսինքն` գումարները պլանավորում են ավելի շատ, քան իրականում պետք է,

ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների դիմաց, դրանց իրական արժեքից ավելի մեծ գումարների վճարման դեպքում նույնիսկ պետությունը չի ստանում այն արդյունքը, որն ի սկզբանե ակնկալում էր, այսինքն` արդյունքը կամ ընդհանրապես չի լինում, կամ լինում է անորակ կամ մասնակի:

Այսպիսով, խնդիրը գտնվում է գնումների գործընթացի պլանավորման, կազմակերպման, պայմանագրերի կառավարման եւ հսկողության գրեթե բոլոր փուլերում»,- արձանագրել է Զաքարյանը:

Նրա խոսքով, հատկապես, ռիսկային է քաղաքաշինության եւ ճանապարհաշինության, ինչպես նաեւ խորհրդատվական ծառայությունների նպատակով իրականացվող գնումների գործընթացը:

Հաշվետու տարում Վերահսկիչ պալատը գնումների ոլորտում իրականացված այլ ընտրանքային ստուգումներով նույնպես հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ եւ ռիսկեր, որոնցից որպես օրինակ կարելի է նշել.

-«Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» եւ «Երեխաների գիշերօթիկ խնամքի եւ պաշտպանության ծառայություններ» ծրագրերի շրջանակներում ներգրավված թվով 8 գիշեր-օթիկ եւ թվով 4 տուն ինետրնատ հաստատությունների կողմից իրականացված գնումների գործ-ընթացի ընտրանքային ստուգմամբ արձանագրվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ եւ բազմաբնույթ կոպիտ խախտումներ, մասնավորապես հաղթող են չանաչվել մասնակիցներ, որոնք, նույնիսկ, իրավունք չունէին մասնակցելու հայտարարված մրցույթներին:

-Համաշխարհային բանկի կողմից հաստատված գնման պլանով նախատեսված տե-ղեկատվական տերմինալների տեխնիկական բնութագիրը «Դատաիրավական» ԾԻԳ-ը լրացրել է վճարային համակարգերով, եւ ձեռք է բերել 80 վճարային տեղեկատվական տերմինալ` 369,867.1 հազ. դրամ ընդհանուր արժեքով: Դատական մարմինները, ինչպես նաեւ ԾԻԳ-ը, իրենց վերապահված լիազորություններով եւ կանոնադրությամբ վճարահաշվարկային գործառնություններ իրականացնելու իրավասություն չունեն եւ չեն իրականացնում, դատական համակարգում տեղակայված պետական սեփականություն հանդիսացող այդ տերմինալները օգտագործվում են միայն որպես տեղեկատվական տերմինալ: Ստուգմամբ պարզվել է, որ վճարային համակարգերով հագեցված տերմինալներ գնելու արդյունքում դատական համակարգի կարիքներին անհրաժեշտ յուրաքանչյուր տերմինալի ձեռք բերման համար «Դատաիրավական» ԾԻԳ-ը ծախսել է ստուգման ժամանակաշրջանում շուկայում առկա տեղեկատվական տերմինալների գնից ¥ներառյալ` բոլոր հարկերը եւ վճարները¤ առնվազն երկու անգամ ավելի գումար, այսինքն` անարդյունավետ ծախսվել է 185,000.0 հազ. դրամ:

«Դատաիրավական» ԾԻԳ-ը «Դատական գլոբալ ցանցի կազմակերպման տեխ-նիկատնտեսական հիմնավորում, դատական համակարգում շահագործվող ծրագրային ապահովման միջոցների կարիքների գնահատում, ԴԱՀ ծրագրի ֆունկցիոնալության ընդլայնում» ծրագիր ձեռք բերելու նպատակով 545,0 հազ. եվրոյին համարժեք դրամի չափով պայմանագիր է կնքել «Suprematech Solutions INC» ամերիկյան ընկերության եւ «Մեյսիս ինֆորմեյշն սիստեմս» ՍՊԸ-ի միջեւ կազմված կոնսորցիումի հետ: Ստուգմամբ պարզվեց, որ գումարն ամբողջությամբ փոխանցվել է «Suprematech Solutions INC» ամերիկյան ընկերությանը: «Մեյսիս ինֆորմեյշն սիստեմս» ՍՊԸ-ն պայմանագրի շրջանակում գումար չի ստացել, ծասխեր չի կատարել, մինչդեռ կոնսորցիումի կողմից ներկայացված մրցութային առաջակում նշված է եղել միայն «Մեյսիս ինֆորմեյշն սիստեմս» ՍՊԸ-ում աշխատող ծրագրավորողների անունները: 

Իրավիճակը գնումների համակարգում, առհասարակ, խիստ մտահոգիչ է: Ակնհայտ է, որ խնդիրներն ունեն համակարգային բնույթ»,- ասել է Վերահսկիչ պալատի նախագահը: