Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության ոլորտում նույնպես արձանագրվել են ռիսկեր եւ խնդիրներ: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ներկայացնելով 2012 թվականի տարեկան հաշվետվությունը:
Զաքարյանը ներկայացրել է մի քանի խախտումներ: «Մասնավորապես. Անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նախորդ տարվա հասույթի մինչեւ մեկ տոկոսի չափով տուգանքի նշանակման գործընթացը ռիսկային է, կանոնակարգված չէ, չկա որեւէ հաստատված մեթոդաբանություն:
Գերիշխող դիրքի չարաշահման համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ 5 մլն դրամից մինչեւ 200 մլն դրամի չափով տուգանքի նշանակման գործընթացը ռիսկային է, հարցը կանոնակարգված չէ, չկա որեւէ հաստատված մեթոդաբանություն:
Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ համակենտրոնացմանը մասնակցելու նախորդ տարվա հասույթի 4 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 մլն դրամի չափով տուգանքի նշանակման գործընթացը նույնպես ռիսկային է, հարցը կանոնակարգված չէ, չկա որեւէ հաստատված մեթոդաբանություն:
Արդյունքում, ընկերությունների նկատմամբ միեւնույն կամ համանման խախտման տուգանքի չափը որոշվում է տարբեր մոտեցումներով, կամ մի դեպքում ընկերությունը տուգանվում է, իսկ մյուս դեպքերում` պարզապես տրվում է նախազգուշացում»,- նշել է Իշխան Զաքարյանը:
Նրա խոսքով, տուգանված ընկերություններն իրենց կողմից կատարված խախտումների վերացման վերաբերյալ ներկայացրել են փաստաթղթեր, որոնց արժանահավատության ճշտման նպատակով ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը անհրաժեշտ եւ բավարար աշխատանքներ չի կատարել:



























