Մոսկվայում խոշոր շինարարական «Բամո» ընկերության նախկին համասեփականատիրոջ` Հովիկ Մուրադյանի, սպանությամբ զբաղվող քննիչները կարծում են, որ սպանությունը պատվիրված էր եւ կարող է կապված լինել նրա բիզնեսի հետ, որը նա վարում էր երեք եղբայրների հետ: Նրա եղբայրներից մեկն Իրաքում ՀՀ դեսպանն է: Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»:

Հիշեցնենք, որ 51-ամյա Հովիկ Մուրադյանի սպանությունը տեղի է ունեցել հունիսի 11-ին Մոսկվայի կենտրոնում` Lotte Plaza Hotel հյուրանոցի մոտ:

Հյուրանոցի տեսախցիկները ֆիքսել են սպանության պահը, օպերատիվ խումբն արդեն ուսումնասիրում է տեսագրությունը` փորձելով դուրս գալ մարդասպանի հետքի վրա:

Օրինապահ մարմինների ներկայացուցիչները կարծում են, որ Մուրադյանի սպանությունը պատվիրված էր, իսկ մարդասպանն, ամենայն հավանականությամբ, կամ նրա հայրենակիցն էր, կամ ծնունդով Կովկասից:

Մուրադյանի սպանության պատճառները, նախ եւ առաջ, փնտրում են ընտանեկան բիզնեսում:

«Իզվեստիայի» աղբյուրը նշում է, որ հետաքննությունն արդեն ընթացքի մեջ է  եւ ստուգվում են հաղորդագրությունները բազմաթիվ պարտքերի եւ այդ հողի վրա տեղի ունեցած կոնֆլիկտների վերաբերյալ: Չի բացառվում, որ նրա մահը կարող է կապված լինել  նոր խոշոր գործարքի հետ: Դա վկայում են Մոսկվայի արբիտրաժային դատարանների դատական ակտերի տվյալները: