Հայաստանի Ազգային ժողով ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանի  գործով դատաքննությունը ավարտվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանը պարզել է, որ արարքը կատարելու պահին Վ. Գալստյանը գտնվել է անմեղuունակ վիճակում,  նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

Հետեւաբար` դատարանը որոշեց Վրեժ Գալստյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվությունից ու պատժից եւ նրա նկատմամբ նշանակել հարկադիր բուժում` հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում։

Դատաքննության ընթացքում  տուժողներից ՀՀ պետական պահպանության ծառայության գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, Սահակ Սահակյանը հայտնել է, որ մարտի 22-ին՝ ժամը 14.40-ից 15-ի սահմաններում, երբ նա ծառայություն է իրականացրել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ ազգային ժողովի տարածքում եւ գտնվել է վարչական շենքի առաջին հարկում գտնվող հենակետում, հատուկ կապի միջոցով լսել է ցանկապատ տարածք անձի ապօրինի մուտք գործելու վերաբերյալ 2-րդ պահակետի ծառայողների հայտարարած տագնապը եւ լսել է կրակոցի ձայներ։ Անմիջապես դուրս է եկել հենակետից եւ նկատել աստիճաններով վարչական շենքի մուտքի ուղղությամբ բարձրացող Վ.Գալստյանին եւ նրան հետապնդող Ա.Գալստյանին ու Վ.Հակոբյանին։ Վերջիններս պարբերաբար Վ.Գալստյանին առաջարկել են կանգ առնել, սակայն նա չի կատարել նրանց օրինական պահանջները։ Նա, աջ ձեռքում ունենալով բացված վիճակում գտնվող ծալովի դանակ, շարունակել է արագ քայլերով մոտենալ վարչական շենքի մուտքին։ Աստիճաններով իջել է նրան ընդառաջ եւ, հանելով իր ծառայողական զենքը՝ «ՊՄ» տեսակի ատրճանակը, Վ.Գալստյանին կարգադրել է կանգ առնել ու ձեռքից գցել դանակը։ Վերջինս չի ենթարկվել իր պահանջին, հայհոյել է իրեն եւ սպառնացել է դանակով խփել։ Տեսնելով, որ նա չի ենթարկվում ու շարունակում է ապօրինի գործողությունները` ատրճանակից մեկ նախազգուշական կրակոց է արձակել նրա ոտքերի տակ, սակայն նրա դեմքի արտահայտությունը չի փոխվել, նա չի սթափվել եւ դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, որից իրեն հասկանալի է դարձել, որ նա ընդունակ է ամեն ինչի։ Նախազգուշական կրակոցից հետո Վ.Գա-լստյանը՝ դանակը ձեռքին, կտրուկ շարժում է կատարել իր ուղղությամբ, որի պատճառով երկրորդ անգամ կրակել է նրա ձախ ոտքին, որի հետեւանքով նա վայր է ընկել, սակայն ընկած վիճակում շարունակել է սպառնալիքներ ու հայհոյանքներ տալ։ Անմիջապես կանչել են շտապօգնության անձնակազմին ու Վ.Գալստյանին տեղափոխել հիվանդանոց։

Իսկ Վ.Գալստյանի մայրը`  Սուսաննա Սահակյանը նշել է, որ որդին հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով 2012թ. ընթացքում ստացիոնար բուժում է ստացել հոգեբուժական հիվանդանոցում։ 2013թ. մարտի 22-ին` ժամը 12-ի սահմաններում, նա դուրս է եկել տնից, որոշ ժամանակ անց խիստ նյարդայնացած վերադարձել է ու դրսեւորել ագրեսիվ վարքագիծ։ Նա անընդհատ կրկնել է, որ Ազգային Ժողովում «մարդ չկա»։ Ժամը 13-ի սահմաններում նա դուրս է եկել տնից` իր հետ վերցնելով ընտանիքի ողջ խնայողությունները` 20.000 ՀՀ դրամը։  Իսկ Վ.Գալստյանը բացատրել է, որ չի իմացել, որ մտել է ՀՀ ԱԺ տարածք։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի բակում արտակարգ դեպք է գրանցվել: 2013 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, քաղաքացի Վ. Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ ապօրինի մուտք  գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք։ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին եւ իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաեւ նախազգուշական կրակոցից հետո։ Ուստիեւ քաղաքացու տեղաշարժը կանխելու եւ նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ գոտկատեղից ներքեւ՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։ Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց: Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած անձը` Վ.Գալստյանը, Մասիս քաղաքի բնակիչ է` 1988 թվականի ծնված։ Նախնական տեղեկություններով` նա նախկինում երկու անգամ դատապարտվել է։

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խումբը՝ ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանի գլխավորությամբ: Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները, դեպքի վայրի տեղազննություն, առգրավվել են այդ թվում ԱԺ նշված տարածքը նկարահանող սարքերը եւ տեսագրությունները։ Տեսաերիզները համապատասխան զննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն նաեւ հանրությանը։

Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն։ Վրեժ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 25-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանավորում, իսկ մարտի 29-ին նա տեղափոխվել էր «Նուբարաշենի» հոգեբուժարան:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am