ԼՂՀ պաշտպանության բանակի կենտրոնական հավաքակետում հունիսի 12-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որը նվիրված էր ընթացիկ տարվա գարնանային զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը: Նորակոչիկներին հայրենյաց պաշտպաններ դառնալու առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ, հայ առաքելական եկեղեցու եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ելույթ ունեցողները նախ շնորհավորել են տղաներին պաշտպանության բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, իսկ այնուհետեւ համոզմունք հայտնել, որ սահմանադրական պարտքը կատարած զինվորներին փոխարինելու եկած երիտասարդները պատվով կշարունակեն իրենց նախորդների հայրենանվեր գործը:

Համապետական նշանակություն ունեցող այս միջոցառման ավարտից հետո նորակոչիկներն ուղեւորվել են զորամասեր, որտեղ, տիրապետելով ռազմական գործին, իրենց անձնուրաց ծառայությամբ կպահպանեն Արցախ աշխարհի անառիկությունը: