«Քաղաքացիական պլատֆորմը» չի մասնակցի Մոսկվայի քաղաքապետի արտահերթ ընտրություններին, որոնք կկայանան այս տարվա սեպտեմբերին: Այս մասին հունիսի 13-ին հայտարարել է կուսակցության ղեկավար Միխայիլ Պրոխորովը:
Իր որոշումը գործարարը բացատրում է նրանով, որ իր կուսակցությունը չի ցանկանում «մասնակցել գործող քաղաքապետի լիազորությունների երկարաձգման գործընթացին»: Քաղաքական գործիչը կոչ է արել հետեւել իր կուսակցության եւ մյուս ընդդիմադիր կուսակցությունների օրինակին, հաղորդում է Utro.ru-ն: Նա ընդգծել է, որ ընտրություններից հրաժարվելը ոչ թե բոյկոտ է, այլ սկզբունքային դիրքորոշում: Դրա հետ մեկտեղ Պրոխորովը չի պատասխանել այն հարցին արդյոք սատարելու է քաղաքապետի որեւէ թեկնածուի, մասնավորապես` Ալեքսեյ Նավալնիին:
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, ինչ հունիսի 4-ին Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնաթող լինել` արտահերթ ընտրություններին մասնակցելու համար:
Նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է նրա հրաժարականն ու հաջողություն մաղթել: Նա ընտրություններին մասնակցելու է որպես ինքնառաջադրված թեկնածու:
Ընտրություններին մտադիր է մասնակցել նաեւ «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, կոմունիստ Իվան Մելնիկովը եւ այլք:
Մոսկվայի քաղաքապետի թեկնածուների գրանցումը մեկնարկել է հունիսի 11-ին եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 10-ը: Ընտրությունները կկայանան սեպտեմբերի 8-ին:




























