Այսօր՝ հունիսի 13-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի «Խարբերդ» մասնագիտացված մանկատանը ՀՀ ԱԻՆ օժանդակությամբ, մանկատան աշխատակազմը կազմակերպել էր հրդեհի սցենարով ուսումնական տարհանում:

Ուսումնավարժությանը մասնակցեցին մանկատան ողջ անձնակազմը` մոտ 250 հոգի, եւ մանկատան սաները` 265 հոգի, ովքեր հիմնականում մտավոր եւ ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաներ են: Ուսումնավարժությանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը եւ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պ. Գյոզալյանը:

Վարժանքի հիմնական նպատակն էր գործնականում ստուգել, ամրապնդել երեխաների եւ մանկատան աշխատակիցների հմտությունները` հրդեհի դեպքում անվտանգության վարքականոնների վերաբերյալ:

Ժամը 11.00-ին տրվեց տագնապի ազդանշան, ինչից հետո մանկատան 5 մուտքերից, հաշված րոպեների ընթացքում, տարհանվեցին մանկատան բոլոր սաներն ու աշխատակազմը:

Սցենարի համաձայն` մանկատանը հրդեհ էր բռնկվել, սակայն պայմանական հրդեհի օջախը ոչ թե շենքի ներսում էր, այլ` դրսում, քանի որ մանկատան ներսում ծուխ տեսնելով` մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաները կարող էին հոգեբանական խնդիրներ ունենալ: Մանկատան աշխատակիցները «հրդեհը» մարեցին սեփական ուժերով: Դրա նպատակն էր, ստուգել աշխատակազմի` կրակմարիչներից օգտվելու հմտություններն ու սեփական ուժերով հրդեհը մարելու ունակությունները:

Ամփոփելով Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը կայացած վարժանքի արդյունքները` ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանն ասաց.

«Այսօրվա ուսումնական տարհանումը բարեհաջող անցավ: Մանկատան աշխատակիցները շատ լավ էին պատրաստված: Բոլորը շատ կազմակերպված դուրս եկան շենքից: ԱԻ նախարարության կողմից այս կարգի հաստատությունների նկատմամբ կա հատուկ ուշադրություն: Կային նաեւ որոշ թերացումներ, սակայն մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք մանկատանն ու ամրապնդենք փոխգործակցությունը, ինչի արդյունքում նման հաստատություններն ավելի պատրաստված կլինեն արտակարգ իրավիճակներին, իսկ երեխաներն ավելի ապահով ձեռքերում կլինեն»: