Վրաստանի ՆԳՆ-ն բացահայտել է Թբիլիսիում արտասահմանցի քաղաքացիների ձերբակալման որոշ մանրամասներ, որոնք կասկածվում են ահաբեկչությունների ծրագրման մեջ: ՆԳՆ-ն ձերբակալվածների քաղաքացիությունը չի հրապարակել: Սակայն օպերատիվ նկարահանումներում երեւում են ռուսական արտասահմանյան անձնագրեր, որոնցից մեկում բացակայում է տիրոջ ստորագրությունը:
Վրաստանում կանխել են ահաբեկչությունը
Քննությունը հավաստի տեղեկություն ունի, որ Ինտերպոլի կողմից հետախուզվող Միքայիլ Քադիեւը, որը հունիսի 13-ին Թբիլիսիում ձերբակալվել էր ահաբեկչական հարձակման կազմակերպման մեղադրանքով, Վրաստանում թաքնվում է 2011թ., ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ, սակայն նա պարբերաբար լքել է Վրաստանը:
«Վրաստանի ՆԳՆ-ն նախապատրաստման փուլում կանխել է ահաբեկչական հարձակման փորձը…. Հինգշաբթի առավոտյան Թբիլիսիում ձերբակալվել էին արտասահմանյան պետության քաղաքացիներ՝ Միքայիլ Քադիեւը եւ Ռիվզան Օմարովը, որոնց ժամանակավոր բնակության վայրից առգրավվել էին մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, որոնք ենթադրաբար, պլաստիդ են, եւ էլեկտրադետոնատոր, ինչպես նաեւ զենքեր, զինամթերք եւ կեղծ անձնագրեր», - ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Քննությունը պարզում է ձերբակալվածների ենթադրյալ հանցակիցների ինքնությունը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
«Ներկայումս իրականացվում են ինտենսիվ քննչական եւ օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ ձերբակալվածների հանցակիցների բացահայտման եւ վնասազերծման համար՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակում, քանի որ Միկայիլ Քադիեւի կողմից այլ երկրի տարածքում գործած հանցագործության մեղսակիցը ձերբակալվել է դեռ 2012թ.՝ Արեւմտյան Եվրոպայի երկրներից մեկի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից», - ասվում է հայտարարության մեջ:




























