Հայ ազգային կոնգրեսը տվյալ պահին զբաղված է մարզերում կուսակցական կառույցների ամրապնդմամբ: Մասնավորապես, հունիսի 14-ին տեղի կունենա կուսակցության հանրապետական խորհրդի նիստը, որին կմասնակցեն վարչության  40 անդամներ եւ նույնքան էլ  մարզային կառույցների ղեկավարներ: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են քայլ առ քայլ ամրապնդել ՀԱԿ-ի կառուցվածքը` ակտիվ վիճակում պահպանելու համար մարդկային ռեսուրսն ու անհրաժեշտության դեպքում անցնել ավելի ակտիվ գործողությունների: «Բացառված չէ, որ մենք ստիպված կլինենք գործողությունների ակտիվ փուլ թեւակոխել` ներքին եւ արտաքին գործոնների ազդեցության ներքո, որը կապված է սոցիալական լարվածության հետ: Մինչ օրս կառավարությունը գաղտնի է պահում գազի սակագնի բարձրացման պայմանագրի ստորագրման ժամկետը,  երկրում սոցիալական լարվածությունը, անվտանգության մթնոլորտը, ինչպես նաեւ արտաքին գործոնների ազդեցութունը` կապված Թուրքիայի, Ղարաբաղի հետ, կարող է խթան դառնալ ՀԱԿ-ի ակտիվ գործունեության համար»,- նշեց Մանուկյանը: