ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանն, այսօր՝ հունիսի 13-ի առավոտյան, հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն էր:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար: Նա նաեւ երաշխավորել է, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգությունը կապահովվի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:
Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:
Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետորսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով:



























