Մայրաքաղաքում շարունակվում են Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա եւ Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներն իրար միացնող ճանապարհների շինարարական աշխատանքները, որոնց գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափումն է:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լենինգրադյան - Իսակովի հատվածի պարագայում կբեռնաթափվեն եւ՛ Ծիծեռնակաբերդի խճուղին, եւ՛ Աթենքի փողոցը: Ճանապարհի կարեւորագույն հանգույցներից մեկը  Լենինգրադյան  փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա  հատվածն է,  որտեղ ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները: Երթեւեկը Լենինգրադյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի հունիսի 14-ի առավոտյան:  Զուգահեռաբար, ավարտական փուլ է թեւակոխել նաեւ Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը,  որից սկիզբ է առնելու ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Կամրջի երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրումից հետո այժմ ընթանում են վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները, որոնք կավարտվեն հունիսի 13-ին: Ջրամեկուսացման աշխատանքներից անմիջապես հետո կմեկնարկի ասֆալտապատման գործընթացը: