«Աերոֆլոտի» ստացած առաջին «կատարելագործված»  Sukhoi Superjet 100-ը (SSJ-100) փչացել է շահագործման հինգերորդ օրը: Խափանումը տեղի է ունեցել հունիսի 11-ին Դոնեցկում: 

Լիակատար փոփոխված առաջին SSJ-100-ը շահագործած  «Աերոֆլոտի» աղբյուրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին պատմել է, որ Դոնեցկից հետադարձ թռիչք կատարելիս ավիափոխադրողը ստիպված էր Ուկրաինա ուղարկել պահեստային  մասը: Անսարքությունն այնքան էլ լուրջ չէր, եւ SSJ-100-ը կրկին չվերթներ է իրականացնում:

«Աերոֆլոտը» եւ «Սուխովի քաղքացիական օդանավեր» արտադրող ընկերությունը հրաժարվել են պաշտոնապես մեկնաբանել օդանավի անսարքության տեղեկատվությունը, հավելում է գործակալությունը:

Ռուսական խոշոր ավիափոխադրողը SSJ-100 –ը «full» փոփոխություններով ստացել էր մայիսի 31-ին: Light տարբերակից այն տարբերվում է տեսախցիկների ավելացված քանակությամբ, թռիչքի կառավարման համակարգի կատարելագործմամբ, եղանակային ռադարի, օդափոխության համակարգի առկայությամբ:

 «Աերոֆլոտը» 30 SSJ-100 էր պատվիրել, որոնցից առաջին տասը՝ light տեսակի: Մայիսի 10-17-ը առաջին եւ երկրորդ օդանավերն ամբողջովին դուրս էին բերվել  ժամանակացույցից: Երրորդը թռչել էր չորս օր, չորրորդը՝ հինգ օր: Բոլոր օրերին աշխատել են միայն հինգերորդ, յոթերորդ եւ իններորդ օդանավերը: 

Հիշեցնենք, որ SSJ-100 օդանավերի հետ մշտական խնդիրներ ուներ նաեւ  հայկական «Արմավիա» ավիաընկերությունը՝ Սուխոյի օդանավերի առաջին ստացողը:  Արդյունքում ընկերությունը վերադարձրել էր առաջին օդանավը, իսկ երկրորդը հրաժարվել էր գնել: